Միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով: Այդ մասին նախօրեին Փարիզում ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ համերգից առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Սարգսյանը նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հիշողությունների ոչնչացմանն ուղղված հուշարձանների ավերումը դեռ նոր թափ են ստանում՝ առնչվելով աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի: ՙՇատ հաճախ, երբ հեռուստատեսությամբ` ուղիղ հեռարձակմամբ դիտում ենք հերթական պատմական ժառանգության ավերման փաստը (մտածեք այդ երևույթի ողբերգական հեգնանքի մասին. մենք դիտում ենք ուղիղ եթերով տվյալ պահին տեղի ունեցող իրադարձությունները որպես բնականոն երևույթ), մենք՝ բոլորս, հուսահատվում ենք և ասում. ՙԻսկ որտե՞ղ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչո՞ւ այն չի գործում, ինչո՞ւ այն չի արձագանքում այս ամենին՚: Ճշմարիտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիազորությունները սահմանափակ են այն մանդատով, որով մենք՝ հիմնադիր անդամներս, օժտել ենք այդ կառույցը: Այդ սահմանափակումները ոչ բավարար ֆինանսավորման հետ միասին, որոնց հաճախ նա բախվում է, առաջացնում են լուրջ խոչնդոտներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության համար: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բուն գաղափարն այն է, թե ինչ պետք է անենք, երբ կա խնդիր, այլ ոչ թե` ինչ կարող ենք անել սովորաբար: Այս կառույցները տեսլականի և երազանքի մարմնավորում պետք է լինեն, այլ ոչ թե՝ ընթացիկ իրականության արձանագրող և զեկուցող:
Այս առումով ես կցանականայի մասնավորապես ընդգծել և բարձր գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ղեկավարության կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից մեկը՝ Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ կրթությունը՝ որպես կանխարգելման հիմնական գործիք: Գիտնականները փաստում են, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումն ու դատապարտումը ապագայում այդ հանցագործության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Մենք ինքներս ոչ միայն պետք է դասեր քաղենք դրանից, այլ պետք է նաև ուսուցանենք եկող սերունդներին՝ այդ չարիքը մեկընդմիշտ վերացնելու աշխարհի երեսից: Հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, պատրաստակամ են ստանձնելու իրենց պատասխանատվության բաժինն այդ պայքարում: Այս տարվա ապրիլից սկսած՝ Հայաստանը կանոնավոր կերպով հյուրընկալելու է ՙԸնդդեմ ցեղասպանության հանցագործության՚ գլոբալ ֆորումը:
Քանի որ աշխարհը բախվում է ատելության, այլատյացության, խտրականության, ծայրահեղականության նոր սրացումների, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու այդ նոր մարտահրավերներին: Ցավոք, մեր ընդհանուր ժառանգությունը շարունակում է ռազմական հակամարտությունների, հարձակումների ավերիչ ուժի գլխավոր թիրախներից հանդիսանալ:
Ցավոք, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ավանդական պատասխանները դատապարտված են ձախողման: Այդ պատճառով, մենք պետք է լինենք ավելի ստեղծագործ, ավելի ներգրավված, ավելի կենտրոնացած յուրաքանչյուր մարդու կյանքի արժևորման կարևորության, ցանկացած աջակցության և բազմազանության յուրաքանչյուր տարրի հարցի շուրջ: Մենք պետք է համախմբենք այդ պայքարում առավել կարողունակ հատվածին՝ երիտասարդությանն ու մտավորականությանը: Միջոցառումը, որ կազմակերպել ենք այսօր` ձեր ջերմ հյուրընկալությամբ, այս ուղղությամբ ևս մեկ քայլ է. ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ բուն հայեցակարգը նպատակաուղղված է երիտասարդ մտավորականներին համախմբելուն, նրանց ձայնն առավել բարձր՝ միջազգայնորեն լսելի դարձնելուն և նրանց արդի մարտահրավերներին դիմակայելու առաջամարտիկ դարձնելուն:
Մենք հավատում ենք խոսքի և սկզունքային դիրքորոշման ուժին, քանզի մենք վերածնվել ենք որպես ժողովուրդ՝ շնորհիվ այդ ուժի: Որքան էլ որ ներկայիս մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ճանապարհին մեր ռեսուրսները սահմանափակ լինեն և որքան էլ որ դժվար լինի, երեք հիմնասյուներ կան, որոնց վրա պետք է հիմնվի մեր քաղաքականությունը և մեր գործունեությունը՝ այդ գործում հաջողության հասնելու համար: Առաջին կարևոր սկզբունքը` մեր յուրաքանչյուր որոշման հիմքում արժեքային հենքի ներդրումն է: Արժեքներն առաջնային դարձնելով՝ մենք նախ ստեղծում ենք առաջընթացի և զարգացման համար ուժեղ հիմք: Երկրորդը՝ զրոյական հանդուրժողականությունն է այդ սկզբունքների խախտման և դրանց դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ: Մենք պետք է վերստին սովորենք բարձրաձայնել միմյանց խնդիրները և սատարել միմյանց, անհրաժեշտության դեպքում՝ օգնության ձեռք մեկնել: Այս առումով հայտնի գերմանացի մտավորական, հականացիստ աստվածաբան Մարտին Նեմյուլլերը ձևակերպել է չորս կարճ, բայց դիպուկ և խորիմաստ նախադասություն, և ես մեջբերում եմ դրանք.ՙՍկզբից նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես սոցիալիստ չէի: Հետո նրանք եկան արհեստակցական միության անդամների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես արհեստակցական միության անդամ չէի: Ապա նրանք եկան հրեաների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես հրեա չէի: Հետո նրանք եկան իմ հետևից, և այլևս չկար մեկը, որ խոսեր իմ պաշտպանության համար՚: Մենք պետք է մեկնընդմիշտ սովորենք ի պաշտպան ուրիշի խոսելու այդ դասը, քանի դեռ «նրանքե չեն եկել մեր ետևից: Եվ երրորդ սկզբունքն այն է, որ մենք պետք է ավելացնենք աջակցությունը վտանգված և թիրախ դարձած ազգերի վերածնունդին: Մենք պետք է օգնենք նրանց բուժել իրենց վերքերը, կրթել երեխաներին, վերականգնել նրանց արվեստի և մշակույթի հաստատությունները, և նրանք առատորեն կվերադարձնեն այդ ամենը, քանզի դա է մարդկության երախտապարտ բնույթը:
Տասնամյակներ առաջ աշխարհով մեկ սփռված, պետականությունից և հայրենիքից զրկված հայերը կանգնեցին իսպառ վերացման վտանգի առջև: Այսօր՝ հարյուր տարի անց, մեր երիտասարդները նստած են այս գեղեցիկ բեմի վրա` բարձրաձայնելու մյուսների խնդիրները: Շնորհակալություն Ձեզ դրա համար:Այսօր, ի թիվս այլոց, մենք ձեզ կներկայացնենք երիտասարդ քահանա և մտավորական Կոմիտասի, ով ականատես եղավ այդ ամենին և վերապրելով՝ վերածնեց հայկական երաժշտությունը ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող և հայկական երաժշտությունը ողջ աշխարհով մեկ ճանաչելի դարձնող հռչակավոր Արամ Խաչատուրյանի ստեղծագորոծությունները:Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի աշխարհին լսելի դարձնի, որ պատերազմը և զինված հակամարտությունը օրենքից դուրս, ոչ արդիական և մերժելի են: 21-րդ դարը պետք է լինի խաղաղության, բարեկեցության, զարգացման, ավելի լավ կրթության և ավելի հարուստ մշակութային բազմազանության դար: Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի իր ներդրումն ունենա այդ ուղղությամբ մեր ընդհանուր հաստատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնված հրաշալի գործում՚,- ասել է Սարգսյանը:
ՙԵրիտասարդությունը հանուն խաղաղության՚ համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, ՙԿատուներ՚ ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները, դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք: