Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի բանակցությունների հիմնական թեման եղել է ՙղարաբաղյան հակամարտությունը տեղից շարժելու՚ ՌԴ հստակ ցանկությունը։ Այդ մասին ՙՌոսսիա 24՚-ին հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
ՙՀակամարտությունների կարգավորումն այնքան լուրջ գործ է, որ այն չի կարելի վստահել գեներալներին: Այդ առումով դիվանագիտութունն, իհարկե, պետք է ասի իր խոսքը: Այո, կան սկզբունքներ, որոնց վրա կառուցված է հետպատերազմյան աշխարհակարգը, և այդ սկզբունքներում դիսոնանս մտցնելը բավական բարդ և վտանգավոր է՚,-ասել է Մամեդյարովը:
Պատասխանելով ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության վերաբերյալ հարցին`նախարարը նշել է, որ ադրբեջանական պետությունն իր արտաքին քաղաքական դոկտրինը քննարկում է`ելնելով երկրի ազգային շահերից, ինչն օգնում է ամրապնդել անկախությունը, ինքնիշխանությունը, նպաստում քաղաքական, տնտեսական զարգացմանը, արտացոլում երկրի ազգային շահերը:
ՙԵՏՄ-ում շատ մեծ դեր է խաղում Մաքսային միությունը: Սակայն, օկուպացված տարածքների առկայությունը թույլ չի տալիս մեզ Հայաստանի հետ միասին համագոյակցել Մաքսային միությունում՚,- ասել է նախարարը`միաժամանակ չբացառելով Ադրբեջանի մասնակցությունն այդ կազմակերպությանը, եթե ՙՀայաստանը դուրս բերի իր զորքերը, բացվեն սահմանները, կարգավորվի իրավիճակը՚:
Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ընթացքումՄամեդյարովը պատմել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ անցկացված բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ հակամարտության լուծումն արդեն հասունացել է։ Մամեդյարովը հավելել է, որ հակամարտության կարգավորման համար առաջին հերթին ՙՀայաստանի ԶՈւ պետք է լքեն իրենց կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքները՚։ Նա նաև նշել է, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է։ Նախարարը հավելել է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար ՙՀայաստանի ղեկավարությունը պետք է հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և քաղաքական կամք ցուցաբերի՚:
Նարիշկինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմամբ: