Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և NABU-ն օժանդակում են Հայաստանում արտադրվող օրգանական սննդամթերքի հավաստագրմանը

$
0
0

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ սկսել են «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագիրը: 

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ծրագրի մեկնարկն ազդարարվեց մայիսի 22-ին կայացած համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին օրգանիկ գյուղատնտեսական արտադրանք թողարկող տնտեսվարողներ, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անձինք:

 

Ծրագրին մասնակցում էին մոտ 150 տնտեսվարողներ Հայաստանի բոլոր շրջաններից, ովքեր զբաղվում են օրգանական սննդի արտադրմամբ: Մասնակիցները մեծամասամբ Բանկի հաճախորդներն են: Ծրագրիրն ուղղված է օրգանական արտադրանքի շուկայի ներկա իրավիճակի վերլուծությանը և բոլոր այն կազմակերպությունների և այն անհատների համար է, ովքեր հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

 

Միջոցառումը կրում է նաև տեղեկատվական բնույթ: Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Գերմանիայից հրավիրված փորձագետներ, ինչպես նաև Գերմանիայի բնության պահպանության միության ներկայացուցիչներ: Գերմանիայից ժամանած առաջատար մասնագետները մասնակիցներին ներկայացրեցին այս ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի ստանդարտները և այն հնարավորությունները որոնք կարող են բացվել հավաստագրված առանց արհեստական հավելումների օրգանական սնունդ արտադրող ընկերությունների համար:

 

Ելույթ ունեցավ նաև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հիմնադրման առաջին իսկ օրվանից Բանկը միշտ եղել է հայ ֆերմերի, ագարակատիրոջ, գյուղմթերք արտադրող և հողը մշակող մարդու կողքին: «Գործունեության ամբողջ ընթացքում մեր առաքելությունը մշտապես համարել և համարում ենք աջակցությունը Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողին»,- շեշտեց պարոն Անդրեասյանը: Անդրադառնալով ծրագրի նպատակներին՝ Բանկի գլխավոր գործադիր տնօրենը նշեց. «Երկրի տնտեսության ողնաշարը կազմող և կենսական նշանակություն ունեցող այս ճյուղի ֆինանսավորումը և խորհրդատվությունը մեր առանցքային նպատակն է եղել մեր Բանկի` հիմնադրման օրվանից: Արդեն շուրջ 20 տարի է, սկզբից որպես Հայգյուղփոխբանկ և 2006-ից որպես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, մենք միշտ սատարել և սատարում ենք գյուղացուն` որպես վստահելի գործընկեր և հավատարիմ բարեկամ»:

 

Ծրագրի իրագործման հնարավորությունները Հակոբ Անդրեասյանը բարձր է գնահատում. «Այսօրվա միջոցառումը նոր լիցք և որակ է հաղորդելու այդ հարաբերություններին: Մենք, մեր մեկ այլ գործընկերոջ հետ, որոշել ենք դյուրացնել օրգանական, Էկոլոգիապես մաքուր մթերք արտադրողների մուտքը Եվրոպական շուկա: Արտերկրից ժամանած մասնագետները ձեզ կներկայացնեն օրգանական մթերքի ոլորտում միջազգային փորձը, եվրոպական շուկայի պահանջները և այն հնարավորությունները, որոնք կարող են բացվել հավաստագրված արտադրողի համար: Վստահեցնում եմ ձեզ, Հայաստանը, իր բնակլիմայական պայմաններով, գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով ի վիճակի է արտադրել բարձր որակի օրգանական մթերք: Ամբողջ խնդիրը` իմանալ ինչպես: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք նաև սեմինարներ և խորհրդատվություն»,- ամփոփեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենը:

 

Ծրագրի տեղեկատվական մասի ավարտից հետո կանցկացվի հավաստագրման դիմած մասնակիցների արտադրանքի փորձագիտական գնահատում և մրցույթ: Մրցույթում հաղթած միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան «օրգանիկ» սնունդ արտադրող կազմակերպությունները Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) ֆինանսավորմամբ կանցնեն անվճար սերտիֆիկացում:

 

Նշենք, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում որպես Գյուղացիական փոխօգնության կոոպերատիվ բանկ: 2006 թվականից բանկի մեծամասանական բաժնետերը դարձավ  եվրոպական խոշորագույն բանկային` Credit Agricole S.A. խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%: Բացի այդ, բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի, ցանցով բանկը երկրորդն է հանրապետությունում – 56 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում (41 մասնաճյուղ), իր ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով 2014 թ-ին իր դիրքերն ամրապնդել է լավագույնների հնգյակում: 

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, գյուղատնտեսության վարկավորման հատվածում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Հայաստանի բանկային շուկայի առաջատարը: Ներկայումս Հայաստանի բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաբաժինը կազմում է ավելի քան 51%-ը, իսկ Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը գերազանցում 35%-ը:

 

Հիշեցնենք, որ Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) ոչ կառավարական կառույց է, որն զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության կարևորագույն խնդիրներով, ինչպս երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Կազմակերպությունը հիմնադրվել է 1899 թվականին: NABU-ն ունի ավելի քան 502000 անդամ և հովանավոր: Միայն Գերմանիայում կազմակերպությունն ունի իր անդամների մոտ 2000 խմբեր:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles