Մայիսի 20-ին Գերմանիայի Բունդեսթագում տեղի է ունեցել Գերմանահայկական ֆորումի հիմնադրման հանդիսավոր արարողությունը: Գերմանահայկական ֆորումի նպատակը հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերի ընդլայնումն ու խթանումն է:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման սկզբում ընտրվել է ֆորումի կանոնադրությունը: Կազմակերպության նախագահ է ընտրվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, փոխնախագահ` Բունդեսթագի պատգամավոր Քարսթեն Քյորբերը: Ֆորումի վարչության անդամներ են ընտրվել ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիթը, Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Շթրաթենշուլթեն, իրավաբան Էրիկ Ֆոգթը: