Ի տարբերություն այլ երկրների` Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն չկա: Այդ մասին նոյեմբերի 16-ին մամուլի ասուլիսում հայտարարել է փաստաբան Մարինե Եղիազարյանը:
Նրա ասելով, շատ երկրներ վիճակագրություն են վարում նման դեպքերը կանխարգելելու համար, իսկ Հայաստանում ամեն ինչ հակառակն է, բռնության ենթարկված երեխաների ծնողներն ու ազգականները ձգտում են թաքցնել միջադեպը: Փաստաբանը նաև ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրությունը չափազանց հանդուրժողական է մանկապիղծների հանդեպ:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին ընդգծել է, որ դեռահասի անպատշաճ վարքագիծը, չափից դուրս սեռական հակումը կարող է լինել բռնության հետևանք: ՙՍեռական բռնության ենթարկված երեխան մեծահասակին նայում է որպես սեռական զուգընկերոջ, նրա համար վերանում է սահմանը մեծահասակների և մանկական աշխարհների միջև՚, - ընդգծել է հոգեբանը: Նա ընդսմին նշել է, որ բռնության ենթարկված արական սեռի երեխան իր հերթին կարող է դառնալ մանկապիղծ: ՙԴա յուրօրինակ վրեժ է սեփական ապրումների և հեղինակության վարկաբեկման դիմաց, սակայն նա կարող է նաև չձերբազատվել այդ ապրումներից և դառնալ համասեռամոլ՚, - ընդգծել է փորձագետը: Հոգեբանն ընդսմին նկատել է, որ մանկապղծությունն ու դեռահասների նկատմամբ բռնությունը նոր երևույթ չէ, ավելացել է հրապարակայնությունն ու նման միջադեպերի լուսաբանումը: