Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ հարցված քաղաքացի (51%) ամբողջովին կամ ավելի շուտ հակված է հայ-թուրքական սահմանի բացմանը, մինչդեռ յուրաքանչյուր երրորդը (33%) կտրականապես կամ մասամբ դեմ է դրան: Այսպիսին են Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի կողմից անցկացված հետազոտության` ապրիլի 21-ին Երևանում ներկայացված արդյունքները:
ՙՀարցվածների 70%-ը վստահ է, որ Ադրբեջանն զգալիորեն ազդում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա: Բացի այդ, 85%-ն առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին իմացել է մինչև 11 տարեկան հասակում, իսկ 54%-ն ինչ-որ չափով տուժել է Ցեղասպանությունից: Հարցվածների միայն 9%-ն է գտնում, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունն առաջիկա 5-10 տարում՚,- հետազոտության ներկայացման ժամանակ նշել է CRRC տնօրեն Հեղինե Մանասյանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ հարցվածների ճնշող մասը չի կարևորում քաղաքական հարաբերություները և առաջնահերթությունը տալիս է Թուրքիայի հետ տնտեսական և մշակութային կապերին: Այսպես`62 %-ը նախապատվությունը տվել է Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությանը, իսկ 37% -ը`քաղաքական, իսկ յուրաքանչյուր հինգերորդը հանդես է եկել Անկարայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության օգտին: Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման իրական հնարավորությունների վերաբերյալ հարցին հարցվածների 30%-ը բացասական պատասխան է տվել 40%-ը`դրական:Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն հարցման ներկայացման ժամանակ նշել է, որ 8 կազմակերպություն աշխատում է ՙԱջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին՚`2014 թ. հունվարին մեկնարկած ծրագրի իրականացման ուղղությամբ, և հետազոտությունն իրականացվել է այդ ծրագրի շրջանակներում: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը համոզված է, այս նախագիծը միտված է ապագային: Նրա խոսքով, հետազոտությունը թույլ է տվել բացահայտել հայ-թուրքական հարաբերություններում գոյություն ունեցող թերությունները: Կիրակոսյանը նշել է, որ Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը պատճառ է դարձել այն բանի, որ Թուրքիայում բավականաչափ իրազեկ չեն Հայաստանում տիրող իրական իրավիճակի մասին:Վերլուծաբանը նշել է, որ Հայաստանը նույնպես բավականաչափ տեղեկատվության չի տիրապետում Թուրքիայի իրական իրավիճակի մասին:Միաժամանակ փորձագետը համոզված է, որ նման հետազոտությունները կօգնեն աջակցել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ավելին`կօգնեն փոխել երկու երկրների հասարակությունների մտածողությունը և ընդհանուր պատկերացումները:Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանի կողմից`Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: