Ապրիլի 19-26-ը Նևադայում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Համապատասխան բանաձև է ընդունել Նևադայի նահանգապետ Բրայան Սանդովալը:
Փաստաթղթում նաև ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արվում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ազդել Թուրքիայի վրա` սեփական պատմության հեռ առերեսման նպատակով: «1915-1923 թթ. Օսմանյան Թուքիայում հայերի ծրագրված կոտորածն ու զանգվածային տեղահանությունը խլել են ավելի քան 1,5 մլն մարդու կյանք, իսկ 500 հազարը դարձել է փախստական: Ցեղասպանություը վերապրած հայերից շատերն ապաստան են գտել ԱՄՆ-ում, եւ այսօր Նևադայում գոյություն ունի ակտիվ հայ համայնք», - ասվում է բանաձևում:
Նշենք, որ նախօրեին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ Վերմոնտ նահանգը: Ընդհանուր առմամբ, Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 44-ը: Չնայած այդ հանգամանքին և ԱՄՆ գրեթե բոլոր նախագահների հայ համայնքին տված նախընտրական խոստումներին` Վաշինգտոնը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: