Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անդրեյ Եպիֆանցև. Ռուսաստանը և Հայաստանն իրար հետ լռելու բան ունեն

$
0
0

Իր վերաբերմունքը հայտնելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի առնչությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել ՙայս կամ այն դրդապատճառներից ելնելով՚ սպառազինության վաճառքի հետ կապված`շեշտը դնելով այն բանին վրա, որ ՙսահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով՚: Թերևս առաջին անգամ է, որ հայ հասարակությանը հուզող այդ խնդրի մասին բարձրաձայնվում է երկրի առաջին դեմքի կողմից`ըստ որում`ռուսաստանցի լրագրողի խնդրանքով: Կցանկանայի իմանալ Ձեր կարծիքն այս առնչությամբ:

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ռուս-հայկական հարաբերությունների բավականին սուր թեմա է շոշափել: Սա այն թեման է, որի նկատմամբ հայկական կողմի դիրքորոշումը բավականին արմատական է և հուզական, ինչը միանգամայն հասկանալի է, իսկ ռուսական կողմինը` ավելի գործնական և ռացիոնալ, ինչը նույնպես իր բացատրությունն ունի: Այս առնչությամբ հիշում եմ, թե ինչպես 2012-2013 թվականներին մի շարք հայ հայտնի քաղաքագետներ ռուսաստանցիներին բացատրում էին, որ Հայաստանի շահերը պահանջում էին մերձեցում Արևմուտքի հետ, Ռուսաստանին թողնելով որպես ռազմական անվտանգության երաշխավոր և խոշորագույն տնտեսական դոնոր, և հենց այդ պատճառով Հայաստանը պատրաստվում էր ստորագրել  ԵՄ ասոցացված անդամության շուրջ համաձայնագիրը, այլ ոչ թե` դառնալ ՄՄ անդամ: Միանգամայն նորմալ  եմ գնահատում այդ դիրքորոշումը` համաձայնելով, որ այդ տարբերակում դա առավելապես կհամապատասխաներ Հայաստանի շահերին: Եթե չլիներ այնպիսի հանգամանք, ինչպես` իրականությունը, որը միշտ իր սրբագրումներն է կատարում: Իսկ այսօր առկա իրավիճակում Հայաստանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է ավելի վճռական դիրքորոշում դրսևորի իր դիրքերը պաշտպանելու նպատակով, ինչը բխում է ռազմավարական դաշնակցության կարգավիճակից: Նրա ընկալմամբ` դա ներառում է հրաժարում Ադրբեջանին զենքի վաճառքից, Լեռնային Ղարաբաղի ճանաչում և շատ այլ բաներ, ինչը  Հայաստանն` ինքն, ի զորու չէ անել, և երբ դա տեղի չի ունենում, Երևանը հուզականորեն վիրավորվում է:

 

Այդ դեպքում ինչպիսի՞ն է Մոսկվայի կողմից իրականության ընկալումը:

 

Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումների հետ կապված իրողությունը Մոսկվայում փոքր-ինչ այլ լույսի ներքո է դիտվում:Ռուսաստանում համոզված են, որ եթե Մոսկվան կտրուկ և հրապարակայնորեն հայկական կողմը բռնի, դա միայն կարմատականացնի ղարաբաղյան հակամարտությունը և կզրկի ռուսներին խաղաղարար բանակցությունների շրջանակներում այն կառավարելու լծակներից: Մոսկվան հիշեցնում է Հայաստանին, որ Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է, բայց Ադրբեջանի համար թշնամի չէ: Ադրբեջանը ո’չ Հյուսիսային Կորեա, ո’չ էլ Սոմալի է: Այն միջազգային պատժամիջոցների ռեժիմի տակ չի գտնվում և իրավունք ունի ցանկացած զենք ձեռք բերել, զանգվածային ոչնչացման զենքից բացի: Եթե Բաքուն սպառազինություն չգնի Ռուսաստանից, հանգիստ կերպով կգնի այն այլ երկրներից, և այդ առումով որևէ տարբերություն չի լինի, թե ինչ տանկերից են ադրբեջանական զինվորները հայերի ուղղությամբ կրակում: Բայց որքան էլ տարօրինակ թվա և որքան էլ, նրա կարծիքով, էմոցիոնալ ընկալվի դա Հայաստանում, եթե դրանք ռուսական տանկեր լինեն և եթե միաժամանակ Մոսկվայի ու Բաքվի միջև լավ հարաբերություններ լինեն, Ռուսաստանի ներգրավվածությունն ավելի բարձր կլինի, նշանակում է`շանսերը, որ նման կրակոցներ կլինեն կամ կվերաճեն լայնամասշտաբ պատերազմի, կնվազեն:

 

Այսինքն`Դուք երկրորդական նշանակությու՞ն եք տալիս միլիարդանոց զենքային գործարքների ֆինանսական կողմին: 

 

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ֆինանսական կողմը ևս մեկ` բավական կարևոր հարց է, քանի որ Ռուսաստանը վաճառում է այն շուկայական գներով, նշանակում է`լավ շահույթ ունի դրանից: Հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր չէ, թե որտեղից է Ռուսաստանը գումարներ վերցնում, որպեսզի անվճար կամ շատ էժան գներով ապահովի հայկական բանակի ժամանակակից սպառազինությամբ լիարժեք ապահովումը, ինչը բխում է Ռազմական համագործակցության վերաբերյալ ռուս-հայկական պայմանագրից: Բայց Ռուսաստանի համար միևնույն չէ: Որպեսզի սեղանին հաց լինի, հարկավոր է սկզբում գումար վաստակել այն գնելու համար:

 

Այլ կերպ ասած`Հայաստանի զինված ուժերին արտոնյալ մատակարարումները որոշ իմաստով ապահովվում են Ադրբեջանից ստացված գումարների հաշվի՞ն:

 

Գաղտնիք չէ, որ այս կամ այն չափով հայկական բանակի սպառազինման համար գումարներ Ռուսաստանը վաստակում է համաշխարհային շուկայում, այդ թվում`Ադրբեջանին զենքի վաճառքից: Կարելի է ասել, որ եթե Մոսկվան, էմոցիոնալ շառժառիքներից ելնելով, դադարեցնի դա անել, նրա եկամուտը կպակասի, նշանակում է`այն չի կարող նույնքան զենք արտադրել և մատակարարել հայկական բանակին, իսկ Ադրբեջանը միաժամանակ կպահպանի այլ երկրներից համանման սպառազինություն գնելու կարողությունը: Ո՞վ կշահի դրանից:

 

Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի ՙզենքային՚ քաղաքականությունն այլընտրանք չունի...

 

Հասկանում ենք, որ Մոսկվայի դիրքորոշումը իդեալական չէ և շատ բարդ է: Ներգրավված լինել պատմականորեն քեզ հետ կապված երկու թշնամի կողմերի հակամարտության մեջ և փորձել նրանց երկուսի բարեկամը մնալ անհավանական բարդ է: Նման դիրքորոշումն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի կողմից Մոսկվայի հասցեին քննադատության պատճառ է դառնում, սակայն այլ դիրքորոշում ստեղծված պայմաններում Ռուսաստանը պարզապես չունի: Ցանկացած այլընտրանք ավելի վատ կլինի, այդ թվում`Հայաստանի համար: Այս պայմաններում կոչ եմ անում տեղի չտալ հույզերին և սառը դատել: Միաժամանակ հասկանում եմ, որ ներքուստ հուզական ընկալում, այնուամենայնիվ, կմնա, բայց եթե առկա է սթափ միտք, երբեմն քաղաքականությունում նման թեմաների մասին ավելի լավ է լռել:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles