Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվել է մարտի 20-ին Երևանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ: Հանձնաժողովի համանախագահ, բրիտանացի խորհրդարանական Սաջադ Քարիմը հայ պատվիրակներից հետաքրքրվել է, թե որքանով է ընդունելի տարբերակը, ըստ որի`Հայաստանը որոշակի տարածքային զիջումների է գնում`Թուրքիայի կողմից սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման փոխարեն:
Այդ հարցին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ Երևանը հանդես է գալիս բացառապես առանց որևէ նախապայմանի հարաբերությունների կարգավորման օգտին, և որևէ տարածքային զիջման մասին խոսք անգամ չի կարող լինել: ՙՈ՞ւմ զիջել հողեր: Ադրբեջանի՞ն: Բոլոր այն սադրանքներից, բազմաթիվ դիվերսիաներից և մեր առաջավոր դիրքերի ու սահմանամերձ գյուղերի ռմբակոծություններից հետո՞՚,- ասել է Վարդանյանը:
Դաշնակցականը եվրոպացի պատգամավորի ուշադրությունը հրավիրել է նաև Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի քաղաքականության վրա: Նրա խոսքով, Թուրքիան ոչ միայն շարունակում է կտրականապես հերքել մի ամբողջ ժողովրդի կոտորածը, այլ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ինչ-որ կասկածելի միջացառում է նախաձեռնում`համաշխարհային հանրության ուշադրությունը Երևանում հիշատակի միջոցառումներից շեղելու նպատակով: Այս պայմաններում հաշտեցման շանսերը հավասարվում են զրոյի: