Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի հատուկ նիստում բոլոր մասնակից երկրներին, որոնք հանդես են գալիս Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով, կոչ է արել հետևելու համանախագահների ձևակերպումներին՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, այլև հիմնահարցի հետ կապված այլ հարցերում, «քանի որ այս ձևաչափը միջազգայնորեն միակ մանդատ ունեցող մարմինն է հիմնահարցի կարգավորման գործում, և համանախագահների արտահայտություններից ցանկացած շեղում կարող է նշանակել կողմնակալ մոտեցում»։
Նա նշել է, որ մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը 6-րդ անգամ կիրականացնի Ազգային ժողովի պատգամավորներ ընտրելու իր ժողովրդավարական իրավունքը: «Ժողովրդավարական գործընթացները Արցախում նպատակ չունեն ազդելու խաղաղ գործընթացի վրա կամ ինչ-որ կերպ նպաստելու միջազգային ճանաչմանը, ինչպես դարձյալ այստեղ՝ Մշտական խորհրդի հանդիպումներից մեկի ժամանակ, նշվել է որոշ մասնակից երկրների կողմից: Ժողովրդավարության կառուցումը` հիմնված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վրա, աշխարհի յուրաքանչյուր անկյունում, պետք է միայն ողջունվի միջազգային հանրության այլ ժողովրդավարական անդամների կողմից: Թույլ տվեք հիշեցնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը, որը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական պատկանելությունից և համոզմունքներից…: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի բնակության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից»: Այս առումով պետք է նշել, որ աշխարհում ազատության վերաբերյալ Freedom House-ի 2015թ. զեկույցի համաձայն, Արցախը շատ առաջ է Ադրբեջանից՝ հիմնարար ազատությունների առումով: Այդ պատճառով էլ պատահական չէ, երբ Բաքուն քննադատում է Արցախում անցկացվող ընտրությունները` հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս վիճակը: Այնուամենայնիվ, երբեմն մի քանի մասնակից երկրներ, մի կողմից հայտնելով իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, մյուս կողմից այնպիսի հայտարարություններով են հանդես գալիս, որոնք հակասում են խաղաղության գործընթացի ոգուն և բովանդակությանը: Համանախագահները հստակ նշում են, որ ընտրական գործընթացի միջոցով «Լեռնային Ղարաբաղը փորձում է ժողովրդավարորեն կազմակերպել իր բնակչության հանրային կյանքը», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ գործունեության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի խափանմանն ուղղված քաղաքականությանը՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ հետ բոլոր հարթություններով համագործակցությունը և այն որպես կառուցողական քննարկումների հարթակ օգտագործելու փոխարեն հանդգնում է օգտագործել կազմակերպությունը՝ իր նեղ քաղաքական օրակարգը առաջ մղելու նպատակով: «Ձեզնից ոմանք ականատես են եղել, թե ինչպես Ադրբեջանը սպառնաց վետո դնել ԵԱՀԿ ամբողջ բյուջեի վրա, եթե միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման համար որևէ ֆինանսավորում հատկացվի: Եվ սա միակ դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձել է կաթվածահար անել կազմակերպության աշխատանքները», - նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում այն լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները և մտավորականությունը, ովքեր խաղաղության և հաշտեցման ջատագովներ են, բոլորը հետապնդվում են որպես «հայկական լրտեսներ»: «Ադրբեջանը պատժում է նրանց, ովքեր համարձակվում են մտածել հաշտեցման մասին և խրախուսում նրանց, ովքեր հայերի հանդեպ հանցագործություններ են իրականացնում», - ընդգծել է Նալբանդյանը:
Նա նաև նշել է, որ Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: «Նա մերժում է առաջարկները, որոնք արդյունքն են նախորդ վեց տարիների անխոնջ ջանքերի` շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակի մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների անթիվ այցեր տարածաշրջան: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հիմնված համանախագահ երկրների առաջարկների վրա», - հիշեցրել է նախարարը: Նալբանդյանը նշել է, որ բանակցություններում ներգրավվելու փոխարեն՝ Բաքուն փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելու նպատակով ներկայացնել սեփական գաղափարները՝ որպես համանախագահների առաջարկներ, խեղաթյուրում է հակամարտության և բանակցային գործընթացի էությունը և արշավ է իրականացնում Մինսկի խումբը հեղինակազրկելու նպատակով: Նա հիշեցրել է որ շարունակաբար քննադատվում է նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: «Բախվելով այս իրականությանը՝ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27-ին հարկադրված էին հիշեցնել Ադրբեջանի արտգործնախարարին իրենց մանդատի մասին և «մտահոգություն հայտնեցին ընթացող բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների պարտականությունների առնչությամբ քննադատության վերաբերյալ», - նշել է Նալբանդյանը: