Բնության համաշխարհային հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո և WWF Գերմանիայի, Orange Արմենիայի, Անդրսահմանային միացյալ քարտուղարության և Պրոմեթեյ բանկի աջակցությամբ սկսում է Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր, որի հիմնական նպատակն է ՙԴիլիջան՚ ազգային պարկում հիմնել նշված տեսակի վերարտադրվող խումբ:
Ծրագրի գործողությունները ներառում են ՙԴիլիջան՚ ազգային պարկում եղջերուների բազմացման կենտրոնի ստեղծում, նշված տեսակի 4 արու և 11էգ առանձնյակների ձեռքբերում և տեղափոխում Հայաստան, կենտրոնի աշխատակիցների ուսուցում, կենդանիների խնամք և բազմացում, իսկ այնուհետև նրանց ազատ արձակում բնություն և հետագա մոնիթորինգ:
ՙԱյս ծրագիրը աննախադեպ է Հայաստանի համար, քանի որ մինչ օրս մեր երկրում անհետացած կենդանատեսակի վերաբնակեցում չի իրականացվել: Այսպիսով ծրագրի բարեհաջող ավարտից հետո Կովկասյան ազնվացեղ եղջերուն կվերաբնակեցվի Հայաստանում՚, - ասել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Ծրագրի ֆինանսավորող գործընկերներն են WWF Գերմանիան՝ 25 600 000 ՀՀ դրամի և Orange Արմենիան՝ 10 000 000 ՀՀ դրամի աջակցությամբ:
Orange Արմենիան վերոնշյալ գումարը հատկացրել է WWF-ի և Orange-ի երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որը մեկնարկել է մեկ տարի առաջ: Orange Արմենիան Հայաստանում WWF Հայաստանի բնապահպանական գործունեությանն է հատկացնում իր վաճառակետերում էկո-վարկանիշ ունեցող յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1%-ը: Էկո-վարկանիշը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսն իր արտադրության ընթացքում օգտագործված տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա:
ՙԲնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս անցած տարի: Այս համագործակցության շրջանակներում Orange Արմենիայի խանութներում ներդրվեց հեռախոսների ու սմարթֆոնների էկո-վարկանիշավորման համակարգը, որի արդյունքում հեռախոս կամ սմարթֆոն ընտրելիս մեր հաճախորդներին հնարավորություն է տրվում հաշվի առնել նաև հեռախոսի բնապահպանական գործոնը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր հաճախորդներին, ովքեր ուղղակիորեն մասնակցում են այս բնապահպանական նախաձեռնությանը, քանի որ հեռախոսների ու սմարթֆոնների վաճառքի գնի 1%-ը Orange-ը տրամադրում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին: Միաժամանակ հորդորում ենք բոլորին լինել ավելի պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ: Հեռախոս ընտրելիս տվյալ մոդելի էկո-վարկանիշի մասին տեղեկանալը մի փոքր քայլ է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը և այդպիսով հոգ տանել մեր շրջակա միջավայրի մասին՚,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Ծրագրի մյուս գործընկերն է Պրոմեթեյ բանկը, որն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում տարածում է ծրագրի համար նախատեսված դրամահավաքի հաղորդագրությունը ընդգրկելով այն բանկի տարեկան հաշվետվության և կորպորատիվ օրացույցի մեջ:
Ինչպես նշել է Պրոմեթեյ բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, - ՙԲանկը հատուկ կարևորում է վայրի բնության և մասնավորապես վտանգված տեսակների պահպանությունը: Բանկի 2012թ. Տարեկան հաշվետվության և 2014թ. կորպորատիվ օրացույցի դիզայնի թեման նվիրված է վտանգված կենդանիների պահպանությանը՝ հատկապես մատնանշելով Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի կարևորությունը: Ծրագրին աջակցելու նպատակով Բանկը բացեց հատուկ հաշվեհամար, որին յուրաքանչյուր անձ կարող է նվիրաբերել ցանկացած գումար՝ ունենալով իրենց ներդրումը Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրում: Բանկը տարածելու է Տարեկան հաշվետվությունները և Օրացույցները իր աշխատակիցների, հաճախորդների, բաժնետերերի, տեղական և արտասահմանյան գործընկերների, և այլ մասնավոր և պետական հաստատությունների շրջանում՚:
Կովկասյան ազնվացեղ եղջերուն Հարավային Կովկասի ամենավտանգված տեսակներից է: Հյուսիսային, Արևելյան և Հարավային Հայաստանի անտառներում երբեմնի տարածված այս ցեղատեսակը տասնյակ տարիներ առաջ որսագողության և ապրելավայրերի խաթարման պատճառով վերացել է Հայաստանից և այժմ դիտարկվում է որպես հարևան հանրապետություններից Հայաստանի տարածք պատահականորեն մտած կենդանի:
Այսօր Կովկասյան ազնվացեղ եղջերուն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) չափորոշիչներով գնահատվում է որպես ՙԿրիտիկական վիճակում գտնվող՚: