ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին ասվում է Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հայտարարության մեջ:
ՙԼեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի՚ վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում՚,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ փետրվարի 17-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր բաց նամակում մտահոգություններ է հայտնել ՙՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի՚ բովանդակության վերաբերյալ, քանի որ, նրա կարծիքով, այդ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։ Նա նաև Սարգսյանին առաջարկել էր վերջինիս նախընտրած ժամկետներում ու պայմաններում դեմ առ դեմ հանդիպել և քննարկելի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու հարցը, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը: Փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին. ՙԽնդիր չեմ տեսնում: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել՚: