Ռուսական 102-րդ ռազմակայանում աշխատանքից ազատվել է այն հոգեբանը, որն Ավետիսյանների ընտանիքի սպանության ժամանակահատվածում պարտավոր էր մասնագիտական խորհրդատվություն իրականացնել հերթափոխ մտնող զինծառայողների հետ: Այդ մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Աղբյուրի համաձայն, ռազմակայանը փորձում է այդ տեղեկությունը որքան հնարավոր է գաղտնի պահել` հակառուսական տրամադրությունների նոր ալիք չառաջացնելու համար: «Բանն այն է, որ դասալքության փաստի առթիվ դեռ տարվում է քննություն, եւ դեռեւս ոչ մի զինվորական չի ազատվել աշխատանքից: Իսկ ահա հոգեբանին հնարավոր է եղել ազատել, քանի որ նա ոչ մի զինվորական կոչում չի ունեցել», - նշում է թերթը:
102-րդ ռազմակայանի մամուլի ծառայությունից այս տեղեկության հերքում կամ հաստատում ստանալ չի հաջողվել:
Հիշեցնենք, որ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար: Ներկայում Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմակայանում: Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով Բալեյ քաղաքի զինկոմիսարիատը, հաղորդել էին, թե Պերմյակովը տառապել է օլիգոֆրենիայով: