Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրացման ողջ պատասխանատվությունը`որպես ՙԲՀԿ կուսակցության անդամների էմոցիոնալ և անպատասխանատու հայտարարությունների՚ հետևանք, անձամբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա կընկնի, նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը`անդրադառնալով ՙԿասեցում՚ շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպին և դրան հաջորդած ՙբարգավաճների՚ վերջնագրային հայտարարություններին:
Հիշեցնելով, որ Հանրապետական կուսակցությունն արդեն դատապարտել է Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնարարքը, և իրավապահների կողմից հանցագործության շուտափույթ բացահայտման հույս հայտնելով`Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ԲՀԿ անդամների`միջադեպին հաջորդած հայտարարությունները հապճեպ են, կոպիտ և անընդունելի: ՙԱկնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր կուսակիցների հայտարարություններին, նրանց էմոցիոնալ անհեթեթություններին, հակառակ դեպքում մենք ստիպված պետք է ընկալենք դրանք` որպես Ծառուկյանի անձնական դիրքորոշումը:
Եվ այդ դեպքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր սրացման ողջ պատասխանատվությունը`որպես ԲՀԿ անդամների անպատասխանատու հայտարարությունների հետևանք, անձամբ Ծառուկյանի վրա կընկնի՚,- ասել է Աբրահամյանը: Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ԲՀԿ-ից պատգամավորները հանդես են եկել վերջնագրային հայտարարություններով`մի քանի օր ժամանակ տալով իշխանություններին Խաչատրյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպի բացահայտման համար, հակառակ դեպքում ՙԲարգավաճ Հայաստանը՚ կպահանջի մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականը: Հիշեցնենք, որ փետրվարի յոթին մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել և դաժան ծեծի են ենթարկել ՙԿասեցում՚ շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Ավելի վաղ Արտակ Խաչատրյանը ակտիվորեն մասնակցել է ՙՇրջանառության հարկի մասին՚ օրենքում փոփոխությունների դեմ բողոքի ակցիաներին: