Ոչ իշխանական խմբակցություններն անօրինական են համարում ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը:
ՙ
Բարգավաճ Հայաստան՚ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, փաստաթուղթն անօրինական է, քանի որ հաշվետվությունը ներկայացրել է ոչ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես դա պահանջում է համապատասխան օրենսդրությունը:
Նա օրենքից մեջբերում է արել, որտեղ գրված է, որ հաշվետվությունը ներկայացնում է ՎՊ նախագահը կամ նրա տեղակալը, մինչդեռ փաստաթուղթը խորհրդարանում ներկայացրել է ՎՊ Խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Զոհրաբյանն առաջարկել է հրավիրել Իշխան Զաքարյանին խմբակցություն և քննարկել նրա հետ այդ հարցը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզմունք է հայտնել, որ ՎՊ նախորդ տարիների սկանդալային բացահայտումներից հետո Զաքարյանը խիստ հրահանգ է ստացել ՀՀ նախագահից`չերևալ խորհրդարանում: Նա ևս անօրինական է համարել այսօրվա հաշվետվությունը:
Նշենք, որ 2012 թվականից հետո Ի. Զաքարյանի աշխատաոճը բավականին փոխվել է: Դրանից առաջ նա պարբերաբար լրագրողներին էր ներկայացնում իր կառույցի բացահայտած խախտումները, որոնք սկանդալային տեղեկություններ էին պարունակում: Կարծիք կա, որ նա ուղղակի չի ցանկանում իր աղմկահարույց մերկացումներով ստվերել հանրապետականների նախընտրական արշավը կամ նրան նախազգուշացրել են, որպեսզի դադարեցնի այդ բացահայտումները: Իսկ եթե Զաքարյանը շարունակեր նույն տեմպերով, արդյունքում Հայաստանի կառավարությունը`իր բոլոր նախարարություններով և պաշտոնյաներով, կորակվեին որպես գողեր: