«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել Բերձորի դեպքերի կապակցությամբ:
«Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:
Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ», - Ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձում:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց: