«Լույսը ֆունդամենտալ հասկացություն է ոչ միայն արվեստի, այլև կյանքի համար` ընդհանուր առմամբ: Լույսը ոչ միայն իրերի ֆիզիկական բնութագիր է, այլև` հոգևոր կատեգորիա: Լույսը լուսավորում է ոչ միայն իրականութունը, այն դարձնելով տեսանելի, այլև ի հայտ է բերում մարդկային հոգու չդրսևորված որակները»: Ֆիզիկական և մետաֆիզիկական իմաստով լույսի այսպիսի զգացողություն ունի ռուս-հայկական լուսագեղանկարչուհի, քանդակագործ, կինոռեժիսոր և բանաստեղծուհի Տատյանա Դանիելյանցը: Մոսկվայում և Վենետիկում ապրող ու ստեղծագործող նկարչուհու գործերի «Ներքին լույս» խորագիրը կրող ցուցահանդեսը` գունավոր լուսանկարները և մուրանյան ապակուց քանդակները, կներկայացվի Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսը կբացվի փետրվարի 3-ին, ժամը 15:00-ին` Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո, և կշարունակվի մինչև փետրվարի 15-ը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Տատյանա Դանիելյանցը, հատուկ Հայաստանի ազգային պատկերասրահի համար ստեղծված «Ներքին լույս» ցուցահանդեսային նախագիծը միավորում է երկու ցուցադրություն, որոնք արդեն ներկայացվել են Ռուսաստանի և Եվրոպայի բազմաթիվ ցուցահարթակներում. խոսքը վերաբերում է «Վենետիկ: Նավարկության մեջ» և «Anima Russa/Ռուսական հոգի» ցուցահանդեսին, որում միավորված են գեղարվեստական լուսանկարը և մուրանյան ապակուց քանդակը: «Վենետիկ: Նավարկության մեջ» նախագիծը, որում գեղարվեստական լուսանկարի միջոցով պատմվում է ոչ միայն Վենետիկի ամենակարևոր փոխադրամիջոցի` նավակների մասին, այլև լույս-գույնի գոյության մասին Վենետիկի հատուկ (ջրային, արտացոլված) քաղաքային տարածությունում:
Մոսկվացի հայտնի արվեստաբան-քննադատ և խնամարկու Վիտալի Պացյուկովի ասելով, «ստեղծելով նոր վիզուալ-տեղեկատվական իմիջ, Տատյանա Դանիելյանցի լուսանկարները արդիականացնում են «ռուսական անառարկայականության» ավանդույթը, սակայն արդեն այլ, ոչ ավանդական գեղանկարչական չափման մեջ. նկարչուհու բանաստեղծական տարածություններում այն երանգավորվում է խոհածությամբ և վերականգնում«կորսված ժամանակը»: Տատյանա Դանիելյանցի անդրադարձը քաղաքային միջավայրի այնպիսի «սուբյեկտի» գեղարվեստական վերաիմաստավորմանը, ինչպիսին է նավակը, նոր խոսք է ներմուծում այդ անհավանական քաղաքի պատկերագիտությունում և քաղաքային/կերպային միջավայրում:
«Ներքին լույս» ցուցահանդեսում ներառված երկրորդ նախագիծը «Anima Russa/Ռուսական հոգին» է, որում ռուսական ավանդական սառնաշաքարը, «ճանապարհորդելով» մերձմոսկովյան մի քանի հին քաղաքներով (Մոժայսկ, Զվենիգորոդ և այլն) և դառնալով նկարչուհու և այ ճանապարհորդության ընթացքում նրան հանդիպած ամենատարբեր մարդկանց խոսակցության «սուբյեկտ», ձեռք է բերում անմահության գծեր, վերածված մուրանյան (վենետիկյան) ապակուց քանդակի, դրանով իսկ մեկ ամբողջի մեջ միավորելով Վենետիկը, Իտալիան և Ռուսաստանը: Նախագծի վավերագրական բաղադրիչը, լուսանկարը, որը ենթադրում է ռեպորտաժային նկարահանում, մեր աչքի առջև դառնում է գաղտածիսական և նախատիպային` սերտորեն խառնելով անցյալը, ներկան և ապագան: Ահա թե ցուցահանդեսի մասին ինչ է ասել իտալացի հայտնի խնամարկու Անդրիանո Բերենգոն, ում վենետիկյան պատկերասրահի համար ի սկզբանե ստեղծվել էր նախագիծը. «Չնայած այն հանգամանքին, որ Դանիելյանցի աշխատանքների մի մասը գրեթե վավերագրական է և աչքի է ընկնում իր հայրենակիցների կյանքի, սովորույթների և կենսակերպի արտացորման նկատմամբ ոչ ավանդական մոտեցմամբ, մուրանյան ապակուց նրա ստեղծած գործերը կամուրջ են գցում դեպի իտալական մշակույթը և Վենետիկի բնակիչները: Հենց այդ պատճառով ես ցուցահանդեսի անվանումը կընդլայնեի և փակագծերում կավելացնեի «anima mundi»` համաշխարհային հոգու հետ կապն ընդգծելու համար, որը միավորում է մարդկանց, չէ որ հեղինակը հենց դրա մասին է խոսում»:
Անտեսանելի մետաֆիզիկական լույսը, որը բխում է այդ նախագծին մասնակցող մարդկանցից, «նրանց հոգիների լույսը» կամ «ֆիզիկական» լույսը, որը «լողում է » մուրանյան ապակուց պատրաստված սառնաշաքար-քանդակների խորքում, կամ ջրի արդրադարձրած լույսը, որը խաղում է ջրանցքների և գոնդոլների մակերևույթին ու վեր է ածվում լույսի, մեզ ստիպում են կրկին ու կրկին վերաիմաստավորել այդ երևույթի անսպառ էությունը: