Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը 5 <<կողմ>> և 2 <<դեմ>> ձայներով դրական եզրակացություն է կազմել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագրին, ինչից հետո փաստաթուղթը կներառվի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում:
Փաստաթղթին <<կողմ>> են քվեարկել ՀՀԿ-ից, ինչպես նաև ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից տնտեսական հանձնաժողովի անդամները: Իսկ <<դեմ>> քվեարկել են <<Ժառանգություն>> կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն ու <<Ազատ դեմոկրատներ>> կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:
Ելույթ ունենալով հանձնաժողովի անդամնեիր առջև` ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պարզաբանել է, որ անդամակցելով ԵԱՏՄ-ին, Հայաստանը տնտեսական առումով ոչինչ չի կորցնում, և, նույնիսկ, ընդհակառակը, իր համար նոր շուկաներ է բացում և խթանում է ներդրումների ներհոսը: Նրա ասելով, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցներն, այսպես թե այնպես, ազդում են Հայաստանի տնտեսության վրա, անկախ այն բանից, թե արդյոք նա ԵԱՏՄ անդամ է` թե ոչ:
Նշենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո Հայաստանը մի քանի տարի շարունակ կպահպանի նախկին մաքսատուրքերը շուրջ 750 ապրանքատեսակների համար` էներգակիրներ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքներ, հումք: Կգործեն նաև մինչև 2011 թվականն ստորագրված միջազգային առևտրային պայմանագրերը: Դառնալով ԵԱՏՄ անդամ` 2016 թվականից Հայաստանը կվճարի տարեկան 2 մլն դոլար անդամավճար: Հայաստանի ԵԱՏՄ անդամությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ համապատասխան պայմանագիրը կվավերացվի Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանների կողմից, սակայն` 2015 թվականի հունվարից ոչ շուտ: