Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում:
Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ: «Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, ինչն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար», - հայտարարել է նա:
Այսօր, տեղական ժամանակով ժամը 13:45-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից, խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է եղել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Իսկ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: