Մենք չէինք ցանկանա, որպեսզի Սիմֆերոպոլ-Երևան չվերթեր իրականացվեն, հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը`մեկնաբանելով Հայաստանից Ղրիմ ուղիղ չվերթ բացելու հնարավորությունը: ՙՄենք Ղրիմի իշխանությունների օրինականացում չենք ցանկանում՚,- նշել է դիվանագետը:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն իր հերթին Ղրիմի ճգնաժամի առնչությամբ հայտարարել է. ՙԿարծում եմ, որ հակամարտության լուծման ուղիներ գտնելու նպատակով երկխոսությունը նպատակահարմար է, քանի որ ընդունված որոշումների հետևանքները ժողովուրդն է զգալու: Անհրաժեշտ է ևս մեկ անգամ ուսումնասիրել իրավիճակը և այնպիսի լուծում գտնել, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին՚,- ասել է դիվանագետը:
Նշենք, սակայն, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն արդեն տեղեկացրել է, որ Սիմֆերոպոլից Երևան ուղիղ չվերթերի իրականացման ՙԳրոզնի-Ավիա՚ ռուսական ընկերության հայտը մերժվել է: Գերատեսչության տեղեկատվության համաձայն, հայտը մերժվել է ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտարարել է, որ թերությունների վերացումից հետո հայտը կդիտարկվի վերստին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ ՙԳրոզնի-Ավիա՚ ավիաընկերությունը Սիմֆերոպոլից Երևան չվերթեր կսկսի նոյեմբերի 16-ից: