Հազվագյուտ թռչնատեսակների փրկության համար հայ էկոլոգները կդիմեն Ռամսարի կոնվենցիայի քարտուղարություն: Նրանց մտահոգում է Արմաշի լճակների ճակատագիրը, որտեղ շուրջ 120 ջրաճահճային թռչնատեսակ է հանդիպում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է ՙԹռչնասերների կենտրոնի՚ ղեկավար Սիլվա Ադամյանը, էկոլոգներն ակնկալում են ստանալ Ռամսարի կոնվենցիայի քարտուղարության աջակցությունն Արմաշի ջրաճահճային թռչունների պահպանության հարցում: Լճակները մասնավոր սեփականություն են հանդիսանում, և սեփականատերերն անշահութաբեր են համարում դրանց հետագա պահպանումը: Մինչդեռ դա միակ վայրն է Հայաստանում, ուր հարուստ ջրաճահճային թռչնաֆաունա է հանդիպում:
Էկոլոգի խոսքով, չորացած Արմաշի լճակների տարածքում ցանքատարածքներ են հայտնվում, ինչն ստիպում է հազվագյուտ թռչուններին հեռանալ Հայաստանից: Այսօր ստեղծված խնդիրն անհնար է լուծել նույնիսկ ՀՀ Բնապահպանության նախարարության ներգրավմամբ: Էկոլոգները հուսով են, որ Ռամսարի կոնվենցիայի քարտուղարությունը կօգնի դոնորներ ներգրավել, որոնք կաջակցեն թեկուզ մեկ Արմաշի լճակի ձեռքբերմանը, ինչը կօգնի պահպանել թռչնաֆաունան:
Ավելացնենք, որ Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993 թվականին: