ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեյիսիին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ մշակույթի նախարարը գոհունակություն ու շնորհակալություն է հայտնել հայ-իրանական մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար:
Երկու կողմերն էլ կարևորել են պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրը և վերահաստատել համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Կողմերը կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համատեղ հայտեր ներկայացնելու հարցը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ առաջընթաց է նկատվել կինոարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ. ունենք առաջին համատեղ նախագիծը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախանշվող միջոցառումներին՝ ՀՀ մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին Հայաստանը հնարավորինս ակտիվ ներկայացված կլինի Իրանում տեղի ունեցող միջազգային հարթակներում՝ փառատոներ, ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ և այլն: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ մոտ օրերս Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»: Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ատրպատականի Հայոց թեմական խորհրդի կազմում գործող պարային խումբը և երգչախումբը ցանկանում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Նախատեսվում է, որ նրանք համերգներով հանդես կգան նաև Սյունիքի մարզում: