Ոչ իշխանական քառյակի շարժումն ապագա չունի, քանի որ հետապնդում է միայն մեկ նպատակ. տապալել նախագահ Սերժ Սարգսյանին: Հոկտեմբերի 16-ի մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նրա ասելով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ նշեց, որ որոշումներ կկայացնեն քառյակի առաջնորդները, իսկ ժողովուրդն ընդամենը գործիք է, որը կօգնի հասնելու իշխանության: Հարությունյանը նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները մտահոգության պատճառ չունեն, քանի որ, նրանց կարծիքով, քառյակին այդպես էլ չի հաջողվել իրենց կողմը գրավել հասարակության մեծ մասին: «Չնայած այն հանգամանքին, որ դա ամենաբազմամարդ հանրահավաքն էր վերջին մի քանի տարիներին, քառյակի առաջնորդներն, այնուամենայնիվ, գիտակցեցին հեղաշրջման անհնարինությունը», - ընդգծել է քաղաքական գործիչը:
Հարությունյանը նաև հայտարարել է, որ հանրահավաքում ոչ ի նոր բան չի հրապարակվել: Նրա կարծիքով, ինչպես և նախորդ հանրահավաքներում, ընդդիմությունն այս անգամ էլ օգտվեց ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից` դժգոհության ալիք բարձրացնելու համար: «Սակայն ելույթ ունեցողները մոռանում են, որ ընդհուպ մինչև 2012 թվականը նրանցից ոմանք իշխանության մի մասն էին և կարող էին դիմակայել որոշումների կայացմանը, սակայն դա չեն արել», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական եռյակի (ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ) հանրահավաքին, որին միացավ նաև ՀԺԿ-ն, ըստ Ոստիկանության պաշտոնական տվյալների, ներկա է եղել 16 հազար մարդ: Իրենց ելույթներում քառյաի առաջնորդերն ընդգծել են, որ հոկտեմբերի 24-ին կայանալիք հաջորդ հանրահավաքում կներկայացվի իշխանափոխությանը նպատակաուղղված գործողությունների ծրագիր: