«Հրաշալի քառյակի» շարժման գերակշռող ուժը ԲՀԿ-ն է, և դրա ապացույցը հոկտեմբերի 10-ի հանրահավաքն էր: Հոկտեմբերի 11-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը:
Նրա ասելով, ոչ իշխանական քառյակում (ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ) միշտ եղել է «առաջին շրջանակ» հասկացություն, քանի որ հենց ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդներ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են որոշում կայացնում այն մասին, թե երբ և որտեղ կընթանա հանրահավաքը: Այդ համատեքստում նա պատահական չի համարել նաև այն, որ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը չսպասեցին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և առանց նրա սկսեցին հանրահավաքը: «Կարծում եմ, դա գիտակցում են նաև «Ժառանգությունում», սակայն անհասկանալի է, թե ինչու չեն լքում եռյակի կամ արդեն քառյակի շարքերը», - նշել է նա:
Քաղաքագետի կարծիքով, հանահավաքում ուղերձ հղվեց այն մասին, որ ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ ԲՀԿ-ն պատրաստ են մասնակցել 2017-2018 թթ. ընտրություններին, իսկ Ծառուկյանը հստակ արտահայտեց նախագահի պաշտոնի համար առաջադրվելու իր մտադրությունը: Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա քաղաքագետը կարծում է, որ նա իր խոսքում սահուն կերպով հրաժարվեց ընդդիմության կողմից կառավարությանն առաջարկած 12 կետերից: «Նա նաև փորձում է ԲՀԿ-ին համոզել համախմբվել և պահանջել նախագահի հրաժարականը, սակայն դա նրան առայժմ չի հաջողվում», - հայտարարել է նա: Սաֆարյանն ընդգծել է, որ ոչ իշխանական ուժերը չեն շտապում իրենց գործողություններում, սակայն ստեղծում է արագ գործողությունների նախապատրաստման տպավորություն, որպեսզի ժողովրդի ոգևորությունը չմարի: